ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴԱՐՁԻ ՄԵՐՕՐՅԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

Գտնել (կամ վերագտնել) Հավատքը փաստացի կերպով մի արտակարգ (արտաքո կարգի, սովորականից դուրս) փորձառություն է, որ ապշած է թողնում կասկածամիտներին և ուրախությամբ է լցնում Եկեղեցու միստիկ սիրտը։
Հիսուսի ճանապարհները, ինչպես գիտենք, խորհրդավոր են. հաճախ օգտագործելով անկանխատեսելի պարագաներ, Քրիստոսը հայտնվում է նրա կյանքում, ով պատրաստ է ընդունելու Իրեն, երբեմն աննկատ կերպով, երբեմն էլ սաստիկ հորձանքով, փոթորիկի նման։

 


Սքանչելի ու զարմանահրաշ է դեպքը Անթաքիայում (հին ժամանակների Անտիոքում) ծնված, ազգությամբ թուրք և կրոնով մահմեդական Թիմո Այթաշ Գյուզելմանսուրի։ Քրիստոնեության դարձից ու Մկրտությունից հետո նա 2000-2005 թվականներին աստվածաբանություն է ուսանել Օգասթայի Համալսարանում (ԱՄՆ) և Հռոմի «Գրիգորյան» Պապական Համալսարանում։
Իտալացի հայտնի լրագրող Սանդրո Մաջիսթերի հետ ունեցած հարցազրույցում (իտալական ամենաընթերցված օրաթերթերից մեկի՝ «L'Espresso»ի համար) Գյուզելմանսուրը բացատրել է իր այդ ընտրության պատճառը, որն իր հոգում ծնվել է 18 տարեկան հասակում. « Մի քանի քրիստոնյաների հետ ունեցած հանդիպումիցս հետո սկսեցի կարդալ Աստվածաշունչը, մասնավորապես՝ Նոր Կտակարանը։ Եվ իսկույն հմայվեցի Հիսուսի անձով։ Այդ հմայքը, որն այսօր տակավին առինքնում ու գրավում է ինձ, և անակնկալը (հիացմունքի պատճառով), որ Հիսուսն ինձ այնքան շատ է սիրում, որ պատրաստակամ է իմ համար խաչ բարձրանալու և Իր կյանքը զոհաբերելու, այն պատճառներն են, որոնցից մղված՝ դարձա քրիստոնյա »։
Դարձից հետո Թիմոն տառապել է ազգականների ու ընկերների իրենից հեռանալու պատճառով, բայց դա բնավ չի սասանել Քրիստոսի անձին հարելու իր որոշումը. Քրիստոսին, որ « այնքան սիրեց մեզ, որ մեր համար զոհաբերեց Իր անձը խաչի վրա։ Եթե Հիսուսն Իր կյանքը զոհում է իմ համար », շարունակել է ասել Գյուզելմանսուրը հարցազրույցում, « ես ինչպե՞ս կարող եմ պատասխանել Իրեն։ Իմ համար սա է հիմնական խնդիրը։ Եվ իմ համար տրամաբանական թվաց փոխադարձել այս սերը՝ հետևելով Քրիստոսին և ստանալով Մկրտությունը »։ Հարցազրույցի ավարտին Թիմոն ակնարկել է Իսլամից Քրիստոնեության դարձի եկողներին. « Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցում տարեկան մկրտվում են մոտավորապես 200 անձինք, որոնք դարձի են գալիս իսլամից »։ Քրիստոնեական հավատքին այս անցումների պատճառները տարբեր են ու բազմաթիվ, բայց Թիմոն ցանկացել է մասնավորապես ընդգծել այն, որ « կան մուսուլման անձինք, որոնք խորապես կրոնական անձեր են և անկեղծ սրտով փնտրում են Աստծուն, և այդ իսկ պատճառով գտնում են Քրիստոնեության մեջ Աստծուն, որ սիրում է իրենց և իրենց պարգևում է Իր խաղաղությունն ու գրկաբաց ընդունելությունը։ Քրիստոսի հետ հանդիպման շնորհիվ բացահայտում են Աստծո վերաբերյալ մի պատկերացում, որն ակնհայտ է, որ չեն կարող գտնել Իսլամում »։

Timo Aytaç Güzelmansur
Թիմո Այթաշ Գյուզելմանսուր

 

Իսլամից Քրիստոնեության դարձի ևս մի հրաշալի վկայություն է պակիստանցի մի կնոջ՝ Ֆաուցիայի, 4 զավակների մոր պատմությունը, ով Քրիստոսին ճանաչել է մի եվրոպացի կնոջ հետ հանդիպման շնորհիվ։ « Այդ կնոջ դեմքին շողում էր մի յուրահատուկ լույս », բացատրել է Ֆաուցիան մի հարցազրույցի ժամանակ, հավելելով, որ շատ տպավորված է եղել այդ կնոջ կենսակերպով։ Այդ ծանոթությունից հետո Ֆաուցիայի սրտում սկսել է հասունանալ քրիստոնյա դառնալու որոշումը, նաև ուրիշներին տանելու համար այն ուրախությունը, որն ինքը ստացել էր։ Ցավոք, սակայն, ամուսնու հակազդեցությունը արտահայտվում է ֆիզիկական բռնություններով, և իր հայրական ընտանիքի կողմից ևս զայրույթի ու բռնության արտահայտություններ է ստանում, մահվան սպառնալիքների ընկերակցությամբ։
Ընտանեկան հալածանքի մթնոլորտում ապրում է մի տարուց մի քիչ ավելի ժամանակ, երբ ամուսինը մահանում է։ Ամուսնու մահից հետո վերջապես որոշում իր սիրտը բացել իր զավակների առաջ, որոնք նույնպես ուրախությամբ փարվում են քրիստոնեական հավատքին։ Միակ ընտրությունը լինում է փախչելը մի ուրիշ երկիր, ուստի, եվրոպացի ընկերուհու օգնությամբ, Ֆաուցիան կարողանում է զավակների հետ միասին հեռանալ Պակիստանից։ Այժմ ապրում են Ֆիլիպպիններում և միասին կարողանում են բնականոն ու խաղաղ կյանք վարել։


Քրիստոսի կոչ-հրավերը հասել է նաև Ժան-Մարի Էլի Սեբոնին, Ֆրանսիայում ծնված մեծացած օրթոդոքս հրեային։ Փոքր հասակից արդեն հմայված է եղել Քրիստոսի կերպարով, բայց 26 տարեկան հասակում դարձել է Լուբավիչի շարժման ռաբբիններից։ 2004 թվականին տեղի է ունեցել նրա դարձը Քրիստոնեության, կնոջ մահից հետո։ Այսպես է պատմում Սեբոնն ինքը. « Մեր ընտանիքն ապրում էր ֆինանսական անապահով վիճակում։ Այդուհանդերձ, սակայն, 2007 թվականի Օգոստոսի 6ին կարողացանք մեկօրյա մի տեսակ արձակուրդ անցկացնել Նորմանդիայի ծովափում, Թրուվիլում։ Այցելեցի Գողգոթայի այն վիթխարի հուշարձանը, որ գտնվում է ծովափի մոտ. այդ այցելությունը շատ ուժգին հուզմունք առաջացրեց իմ ներսում։ Եվ հենց այդ նույն օրն իմացա, որ մահացել էր Փարիզի արքեպիսկոպոս-կարդինալ Ժան-Մարի Լյուստիժեն [ով նույնպես ժամանակին Քրիստոնեության դարձի եկած հրեա էր]. դա մի զուգադիպում էր, որ չէր կարող պատահական լինել։ Մի ամիս անց ունեցա մի տեսակ միստիկ փորձառություն, հանդիպեցի Հիսուս Քրիստոսին իմ տանը, իմ սենյակում. նրան տեսա ինչպես իսկապես ներկա։ Այդ օրվանից սկսած, Բեթղեհեմի Փոքրիկ Քույրերի միաբանության մայրապետների համբերատար օգնությամբ, սկսեցի պատրաստվել Մկրտության։ Մկրտվեցի՝ վերցնելով Ժան-Մարի անունը, 2008 թվականի Սեպտեմբերի 14ին։ Ազգականներս խզեցին իմ հետ ունեցած բոլոր կապերը, դիտելով ինձ իբրև ''ուրացող'', բայց զավակներս, իրենց հերթին, հետևեցին իմ կրոնական ընտրությանը։ Քրիստոնեության սկզբունքներից ինչ որ մեկը չէ, որ համոզեց ինձ, այլ ավելի՝ հարուցյալ Հիսուսին ''տեսած'' լինելու շնորհը։ Քրիստոսի հետ ունեցածս այս ուղղակի փորձառությունը ներքուստ փոխակերպեց ինձ և մղեց ինձ ստանալու Մկրտությունը։ Դրանից առաջ էլ, երբ զգացել էի մկրտվելու փափաքը, քրիստոնեական դոգմաներից ինչ որ մեկը չէր, որ ինձ համոզում էր ավելի, քան մյուսները։ Հենց այս պատճառով է, որ մի օր կցանկանայի մի գիրք գրել «Քրիստոնեությունը մյուսների նման կրոն չէ» վերնագրով »։ Գրել և հրատարակել է, մինչդեռ, արդեն հռչակավոր դարձած մի հատոր. «Քիպպահից՝ Խաչին։ Մի հրեայի դարձը Քրիստոնեության»։

Jean-Marie Elie Setbon+ Jean-Marie Elie Setbon jean_marie_elie_setbon
Ժ.-Մ. Է. Սեբոնը դարձից առաջ Ժ.-Մ. Է. Սեբոնը դարձից հետո «Քիպպահից՝ Խաչին» գիրքը


Սուրբ Հոգին փչում է այնտեղ, ուր կամենում է, և փարվում է նաև կյանքերի, որոնք հակառակ բևեռների վրա են եղել դարձի գալու պահին։ Եկեղեցու պատմությունը լի է նման վկայություններով, սկսելով Պողոս Առաքյալի դարձից, ով մինչ այդ հալածում էր Եկեղեցին և Ստեփանոս Նախավկայի մահվան գլխավոր պատասխանատուներից մեկն էր։ Մեր օրերում էլ չեն պակասում նման լուսավոր փորձառություններ, և այժմ կարող ենք մեջբերել պատմությունը Ուոլթեր Աբբոնդանտիի և Լի Իֆի. առաջինը՝ նախկին կոմունիստ, երկրորդը՝ կոմունիզմի զոհ։
Ուոլթեր Աբբոնդանտիի պատմությունը իտալական հասարակությանը ներկայացրել է Լուիջի Ամիքոնեն իտալական հայտնի «Tempi» օրաթերթի էջերում, որն ինքն իսկ հիմնել է 1994 թվականին։ Աբբոնդանտին մի քանի տարի առաջ է մահացել քաղցկեղից, 10 տարուց ավելի «Tempi» օրաթերթի համար աշխատելուց և հոդվածներ գրելուց հետո։ Հոդվածում լրագրող Ամիքոնեն հիշատակել է Աբբոնդանտիի մարքսիստական մտավորականի ու դասախոսի անցյալը։ Իսկ Քրիստոնեության դարձը տեղի է ունեցել իրոք շատ անսովոր կերպով, երբ ծնվել է նրա դուստրը. « Ծնվեց աղջիկս։ Չափազանց շատ հուզված էի։ Գիրկս առա նրան։ Ակամա ներսումս այս միտքը ծնվեց. ''Բայց կյանքը իմը չէ''։ Երդվում եմ, սրա մասին երբեք չէի մտածել դրանից առաջ։ Բայց ճիշտ այդ վայրկյանին դադարեցի լինել աթեիստ ու ստալինիստ։ Քեզ ավելին կասեմ. աղջիկս ծնվեց Միլանի Բազմաբուժական Հիվանդանոցում, որի այգիում Լուրդի Աստվածամոր հայտնությունների քարանձավի կրկնօրինակ հուշարձանը կա։ Գնացի այնտեղ և ծունկի եկա »։
Լի Իֆը, մինչդեռ, չինացի կաթոլիկ էր, որը նախապես բարեկեցիկ կյանքով էր ապրում, քանի որ Չինաստանի նահանգներից մեկի դատավորն էր։ Քանի որ քարոզում էր Ավետարանը, Չինաստանի կոմունիստական բռնատիրական վարչակարգը դատապարտում է նրան 11 տարվա բանտարկության «վերադաստիարակման ճամբար»ներից մեկում։ Այսպիսով կորցնում է ամեն բան. տունը, կինը (որին ստիպում են ամուսնալուծության հայտ ներկայացնել), դուստրը և եղբայրը (որ փախնում է Թայլանդիա)։ Թեև ենթարկվում է ստրկատիրական հարկադիր աշխատանքի (ինչը որ սովորական է կոմունիստական Չինաստանում մինչև այսօր) և տևական չափազանց վատ վերաբերմունքի, Լին երբեք չի մոռանում Եսայի Մարգարեի այս խոսքերը. « Ականջներդ ետևումդ կլսեն այս խոսքը. ''Սա՛ է ճանապարհը, այստեղով անցեք'', եթե այնպես պատահի, որ դեպի աջ գնաք, կամ դեպի ձախ » (Ես 30, 22)։
Հավատքով ոգևորված, Լին չի վհատվում և կարողանում է գաղտնի ճանապարհով Աստվածաշնչի մի քանի օրինակ ստանալ։ Այդպիսով, խավարի մեջ մի փոքրիկ լույս է ծագում և տասնյակ ու տասնյակ բանտարկյալներ կարողանում են հասնել Հիսուս Քրիստոսի հավատքին. « Իմ երկնավոր Հայրը կամեցավ», ասում է Լին, «որ Իրեն հետևեի՝ կրելով իմ խաչը։ Դժվարությամբ սկսեցի քայլել այս ճանապարհի երկայնքին, որն ինձ զրկեց նյութական բոլոր բարիքներից, դարձնելով ինձ աղքատ։ Բայց ընտրվել եմ Տիրոջ փառքի համար աշխատելու, իսկ սա չի կարող փոխարինվել նյութական ոչ մի հարստությամբ »։


Թոմասի դարձը, մինչդեռ, կատարվել է արևելյան փիլիսոփայությունների ու էզոտերիզմի միջավայրում։ Կաթոլիկ ընտանիքում ծնված լինելով հանդերձ, Թոմասը իր պատանեկության տարիներն անց է կացնում կոմունիստական բռնատիրությունից նոր դուրս եկած Լեհաստանում։ Երիտասարդ տարիքից սկսած տարվում է արևելյան մարտարվեստով և գտնում է մի մարզիչ, որի օգնությամբ սկսում է մարզվել մի ագարակում։ Մարզիչը չի գոհանում միայն մարտարվեստը ուսուցանելով, այլ՝ շուտով մտցնում է պատանուն նաև թաոիստական տեսությունների ու պրակտիկայի մեջ։ Թոմասն այդպիսով դադարում է եկեղեցի հաճախելուց և ողջ հոգով ու մարմնով տրվում է էներգիայի զարգացման ու հսկողության թաոիստական գաղափարներին։ Ժամանակի ընթացքում, հասունացրած ձեռքբերումների շնորհիվ ծանոթանում է մի ''բժշկողի'' հետ, որը հիմնել ու ղեկավարում էր իր սեփական մի աղանդը, որին էլ անդամակցում է նաև Թոմասը։ Ընկերներից ոմանց օգնությամբ հետագայում կարողանում է դուրս գալ այդ աղանդից, բայց չի կարողանում ամբողջովին ազատվել այդ տարիների ընթացքում յուրացրած գաղափարների բոլոր վնասակար հետևանքներից։ Մի ամուսնացած կնոջ հետ ունեցած գաղտնի հարաբերությունից հետո, ծանոթանում է մի աղջկա հետ, սիրահարվում են և ամուսնանում։
Վերադառնում է Եկեղեցի, խոստովանվում է, բայց ամբողջական դարձի ճանապարհը դեռ հեռվում է։ Նվիրվում է բուդդիզմին և OoBE փորձառություններին («փորձառություններ մարմնից դուրս», անգլերեն «out of body esperience» անվան հապավումն է)։ Կնոջ շարունակական խնդրանքներին տեղիք տալով, Թոմասը նրա հետ մի քանի օրով մեկնում կաթոլիկ մի վանք, ուր մասնակցելու էին հոգևոր առանձնության ու աղոթքի օրերի։ Եվ այդ վանքում է, որ նա ունենում է այն փորձառությունը, որով վերջնական կերպով խզում է իր կապը սխալ ու վտանգավոր ուսմունքների հետ։ « Տեղ հասանք գիշերով », պատմում է Թոմասն ինքը, « ես գնացի պառկելու, բայց զգացի, որ ինչ որ մի բան հարձակվում էր վրաս, կարծես ցանկանալով ինձ դուրս պոկել մարմնիցս։ Սարսափահար, սկսեցի դժվարությամբ կռվել այդ ուժի դեմ, մինչև որ ազատվեցի և կարողացա նստել անկողնու վրա։ Բայց իսկույն զգացի, որ թեև ես նստած էի, մարմինս պառկած էր իմ ետևում։ Իսկույն բացեցի աչքերս, բայց ամեն անգամ, որ փորձում էի փակել աչքերս, ինչ որ մի բան սկսում էր կտոր կտոր անել ինձ։ Եվ վերջապես տեսա նրան։ Մի գայլ դուրս թռավ անկողնուս տակից ու վրաս հարձակվեց, կարծես ցանկանալով հոշոտել ինձ։ Այդ պահին էր, որ առաջին անգամ լինելով, աղերսագին օգնության կանչեցի Հիսուս Քրիստոսին։ Զգացի, որ մի անտեսանելի ուժ իսկապես պաշտպանեց ինձ։ Վստահ եմ, որ Տերը այդ պահին փրկեց իմ կյանքը։ Հպվեց ինձ և ազատեց ինձ այն ամբողջ տառապանքից, որ ինքս ինձ պատճառել էի տարիների ընթացքում։ Այսօր այլևս լիովին համոզված եմ, որ առանց Հիսուսի չեմ կարող անել ոչինչ »։


Նացիզմի երախից է գալիս Հիտլերի աջ բազուկներից մեկի՝ Մարտին Բորմաննի որդու՝ Մարտին Ադոլֆ Բորմաննի վկայությունը, ծնված 1930 թվականի Ապրիլի 14ին։ Պատանեկության ու երիտասարդության ընթացքում հոր և կուսակցության կողմից դաստիարակվում է Կաթոլիկ Եկեղեցու հանդեպ ամբողջական արհամարհանք և Ֆյուրերի նկատմամբ պաշտամունք ունենալու։ Սովորում է Բավարիայի ամենահեղինակավոր դպրոցներում, մինչև Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտը, երբ մոր և իր 9 եղբայրների ու քույրերի հետ միասին հարկադրված է լինում փախչելու Գերմանիայից։ Ինչպես պատմում է հետագայում, Զալցբուրգում մի համեստ ընտանիք ընդունում է իրեն սեփական զավակի նման, ապահովելով անհրաժեշտ խնամքն ու պաշտպանությունը։ Այդ ընտանիքի լիովին անշահախնդիր սերը մղում է իրեն վերատեսնելու Աստծո, Եկեղեցու և Քրիստոնեության նկատմամբ ձևավորած կարծիքները։ Իր որդեգրության ընտանիքի հետ միասին, մի օր ուխտագնացության է մեկնում Քիրխենթալի Աստվածածնի սրբավայր, որտեղ և սկիզբ է առնում դարձի իր ճանապարհը. 1947 թվականին խնդրում և ստանում է Մկրտությունը, ապա նաև որոշում է կուսակրոն քահանա դառնալ, իսկ Ձեռնադրությունից հետո որպես առաքյալ մեկնում է Աֆրիկա։ Այնտեղ ապրում է մինչև 1969 թվականը, ծանր հիվանդանում է, վերադառնում է Գերմանիա, Սուրբ Աթոռից խնդրում է լուծարել կուսակրոնության ուխտը, ամուսնանում է (ցավոք զավակներ չի ունենում), և մինչև իր կյանքի վերջը (11 Մարտ 2013) աստվածաբանություն է դասավանդում գերմանական համալսարաններից մեկում։

Martin Adolf Bormann
Մարտին Ադոլֆ Բորմաննը, երբ երիտասարդ քահանա էր


Լիբորիո Քոաչչոլին իտալական Պետության իրավապաշտպան փաստաբաններից է։ Երիտասարդ տարիներն անցկացրել է միայն աշխատանքի ու անսանձ հաճույքների մասին մտածելով, չի ամուսնացել, մերժել է որևէ կապ ու պատասխանատվություն։ Մի օր, սակայն, լեռներում դահույկ քշելուց, ընկնում է և վնասում է ծունկը։ Վիրահատությունից հետո սկսվում է վերականգնողական մի բարդ շրջան, որի ցավերը մեղմելու համար դիմում է ֆիզիոթերապիայի օգնությանը։ Ֆիզիոթերապիայի բժշկուհին համոզված քրիստոնյա է լինում, ով տարեկան մի քանի անգամ ուխտագնացություններ է կազմակերպում դեպի Մեժդուգորիե (Բոսնիա), ուր Աստվածածինը երևացել է 7 հովիվ երեխաների և պատգամներ է փոխանցել նրանց (և մարդկությանը, նրանց միջոցով)։ Ծիծաղում է, երբ բժշկուհին իրեն էլ է առաջարկում մասնակցել առաջիկա ուխտագնացությանը, բայց համաձայնվում է, որպես «գրազ», հետո բժշկուհուն ծաղրել կարողանալու համար։ « Հունիսին տեղի ունեցավ մեր խոսակցությունը », պատմում է Լիբորիոն, « Հոկտեմբերին գնացինք ուխտագնացության։ Եվ իմ կյանքն այլևս նույնը չեղավ »։ Ինչ որ մի խորհրդավոր ազդեցությամբ ( - շնորհի՞ - ) վերարժևորում է իր ողջ կյանքը, արմատապես փոխելով վարքն ու կենսակերպը։ « Կատարյալ playboy էի, հիմա կատարյալ prayboy եմ », ասում է ծիծաղելով։ Ամեն օր մասնակցում է Սուրբ Պատարագի ու հաղորդվում է, աղոթում է օրը 7 անգամ, չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահք է պահում միայն հացով ու ջրով։ Սրանք անշուշտ սոսկ արտաքին նշաններ են, որովհետև էականը սրտի փոխակերպումն է։ Դարձից հետո գրել է երկու գիրք. « Աստծո երկրաչափությունները », «Հայր մեր»ի մասին, և « Վարդարանի խորհուրդները », իր դարձի և քրիստոնեական հավատքի տարաբնույթ հարցերի մասին)։ Մասնակցում է հանդիպումների ու խորհրդաժողովների և իր վավերական վկայությամբ օգնում է մարդկանց հասնելու հասուն ու գիտակցված հավատքի։

Liborio Coaccioli coaciolbook
Լիբորիո Քոաչչոլի « Վարդարանի խորհուրդները » գիրքը


Լուքա Մաֆֆին, մինչդեռ, երգիչ է (rapper), ով 14 տարեկանից սկսած նվիրվել է երգ-երաժշտությանն ու համերգներին։ Կաթոլիկ լրատվական Զենիթ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է դրվագներ իր կյանքից. « Սկսեցի արտասանությամբ, ապա որպես deejay աշխատեցի գիշերային ակումբներում, հետո նաև հաղորդավար տեղական ռադիո և հեռուստատեսային ընկերություններում։ Մի խոսքով, որևիցէ մի բան, որ կարող էր ինձ կարևոր անձնավորության կերպարանք տալ, իմ համար ընդունելի էր, միայն թե ուշադրությունս շեղեր իրական Լուքայից »։ Իսկ ո՞վ էր «իրական Լուքան»։ Մի տղա, որ կրում էր ծնողների ամուսնալուծության դառը հետևանքները և մի քանի անգամ զոհ էր դարձել սեռային ոտնձգություններ համար. մեկը այն բազմաթիվ անմեղ երեխաներից, որոնց խլել էին բնականոն կյանքից ու վիրավոր լքել էին ներկա էգոիստ հասարակության կեղտոտ մայթերի վրա։ Ինչպես պատմել է այդ հարցազրույցի ժամանակ, Աստծո համար տեղ չկար իր կյանքում, մինչև 2008 թվականը։ Աշխատանքային անհաջողությունների ու միայնության մի ժամանակաշրջանում ենթարկվում է գոյութենական մի խորը ճգնաժամի, որը նրան առաջնորդում է ամեն բան վերատեսնելու ու վերաարժևորելու։ Միևնույն տարվա Դեկտեմբերին, կարծես մի ենթագիտակցական ձայնից մղված, գնում է որոշ ժամանակով Պողոս Վեցերորդ Պապի անվան Ավանում բնակվելու, որը Բրեշա քաղաքի մոտակայքում գտնվող եկեղեցական մի հաստատություն է, հոգեկանություն փնտրող երիտասարդների համար։ Այնտեղ է, որ տեղի է ունենում մի բան, որն իր հետքը թողնում է Լուքայի հոգում ընդմիշտ. « Դեկտեմբերի 27ին, երեկոյան ժամը 8ին, մտա եկեղեցի և մի ոչ այնքան թույլատրելի բան արեցի. մոտեցա խորանին, բացեցի Տապանակը, ուր պահվում են Պատարագի ժամանակ սրբագործված նշխարները, նայեցի Նշխարի [մեջ ներկա Հիսուսի] աչքերի մեջ և Նրան ասացի. ''Քեզ մի ամիս ժամանակ եմ տալիս, որ հասկացնես ինձ, թե ի՛նչ ես ուզում իմ կյանքից այս տարեվերջին''։ Սպասել տվեց մինչև վերջին օրը, որովհետև այդ ամսվա ընթացքում ամեն բան դեպի ձախ էր գնում. վհատություն, անհաջողություն ամեն ինչում, նաև աշխատանքի մեջ, նաև մարդկանց հետ հարաբերություններում։ Իսկապես դժվարին ամիս եղավ և ես շարունակում էին ասել ինքս իմ մեջ. ''Գալո՞ւ ես արդյոք։ Քեզ մի ամիս ժամանակ եմ տվել, ինչո՞ւ Քեզ զգալ չես տալիս'' »։ Բայց արի ու տես, որ Հիսուսի հետ ''պայմանավորված'' ամսվա ճիշտ ավարտին, աղոթքի մի հանդիպման ժամանակ, Լուքան հանդիպում է այն աղջկան, որը որոշ ժամանակ անց դառնալու էր իր կինը. « Կարծում եմ, որ Հիսուսը սրանից ավելի հստակ կերպով չէր կարող ցույց տալ, թե ի՛նչ է ուզում իմ կյանքից։ Ինձ շատ հստակ կերպով արտահայտեց Իր կամքը »։
Լուքայի կյանքը խորապես փոխվում է, բայց դարձը չի խեղդում նրա մեջ իր ամենամեծ կիրքը՝ երաժշտությունը։ Ուստի, 2010 թվականին, կյանքի է կոչում հիպ-հոպ երաժշտության մի ծրագիր, որով մտադրվում է ի կատար ածել ավետարանական քարոզչության ու վկայության իր ցանկությունը. շրջում են ամբողջ Իտալիայով մեկ և երգի միջոցով դարձի ու հոգևոր կյանքի պատգամ են փոխանցում հաճախ մոլորված երիտասարդներին։
Դարձից հետո իր հոգում նաև ուժն ու քաջությունն է գտել ներելու այն մարդուն, որի կողմից ոտնձգությունների էր ենթարկվել պատանի տարիքում, ինչպես նաև իր հորը։ 

Luca Maffi
Լուքա Մաֆֆի