Mashtoz
Masis
menu

Համացանց Կայքի հաշուեկշիռը Կապ մեզ հետ
Գրադարան Հանրագիտարան Հրատարակչութիւն

uzor
Blink text
   Սկիզբ  
space

  

1) Ինչպէ՞ս էք դուք, որպէս քրիստոնեայ, վերաբերւում այսպէս կոչուած «Big Bang» հասկացողութեանը, որով գիտնականներն այսօր փորձում են բացատրել Տիեզերքի առաջացումը։

 

Մինչեւ բուն պատասխանին անցնելը, կ'ուզենայի ճշտել երկու կէտ Ձեր հարցում։ Առաջինն այն է, որ Դուք հարցնում էք, թէ ի՞նչ ենք մտածում այդ հարցի մասին որպէս քրիստոնեայ, այսինքն՝ Դուք ենթադրաբար հաստատում էք, որ այդ հասկացողութիւնը քրիստոնէական չէ, կամ նոյնիսկ ուղղակի հակաքրիստոնէական է։ Երկրորդն այն է, որ Դուք կրկնում էք այն համատարած սխալ կարծիքը, որի համաձայն «Big Bang»ի տեսութիւնը բացատրում է Տիեզերքի առաջացումը։ Ընդլայնեմ մտքերս եւ մանրամասն պատասխանեմ։

Նախ անդրադառնանք առաջին հարցին։ Թերեւս զարմանալի կը լինի Ձեր համար իմանալը, որ «Big Bang»ի տեսութիւնը ո՛չ միայն հակաքրիստոնէական չէ, այլ քրիստոնէական է ամենաուղղակի կերպով, քանի որ այն յառաջ են քաշել ո՛չ թէ ինչ-ինչ վայ-գիտնականներ, այլ մի քրիստոնեայ Քահանայ, որը մասնագիտութեամբ նաեւ ֆիզիկոս էր, մանաւանդ թէ՝ աստրո-ֆիզիկոս։ Արդէն զարմացա՞ք։ Ուրեմն ճիշտ կը լինի, որ ծանօթացնեմ Ձեզ ազգութեամբ բելգիացի, դաւանանքով Հռոմէական Կաթողիկէ Եկեղեցու անդամ, մասնագիտութեամբ աստրո-ֆիզիկոս Հայր Գեւորգին, իր անուան հայերէն տարբերակով, իսկ ֆրանսերէն լրիւ անուամբ՝ Հայր Ժորժ Էդուարդ Լըմէթրը (Georges Edouard Lemaitre), ծնուած 1894 թուականի Յուլիսի 17ին եւ մահացած 1966 թուականի Յունիսի 20ին։ Որպէսզի ծանօթութիւնը լիակատար լինի, այստեղ ներկայացնում եմ Հայր Գեւորգի լուսանկարներից երկուսը, որոնցից առաջինում աշխարհահռչակ ֆիզիկոս Քահանան պատկերուած է դասախօսելիս, իսկ երկրորդում՝ իր ծանօթ-կոլլեգաներից մէկի՝ Ալբերտ Այընշթայնի հետ, միասին մի ճամփորդութեան մեկնելիս։

 

              

 

Աշխարհահռչակ ֆիզիկոս Քահանան՝ Հայր Գեւորգն առաջինն էր, որն իր ուսումնասիրութիւններով հասկացաւ, որ աստղերի լոյսի տեղափոխութիւնը դէպի կարմիրը փաստում էր այն գաղափարը, որ Տիեզերքն ընդարձակւում է, եւ առաջարկեց այս հարցում կիրառել Հաբըլի օրէնքը, որի համաձայն՝ համաստեղութիւնների միջեւ հեռաւորութիւնը համեմատական է նրանց միմեանցից հեռացման արագութեանը։ 1927 թուականին էր, որ Հայր Գեւորգը հրատարակեց «Big Bang»ի իր տեսութիւնը, հիմնուելով նաեւ ընդհանուր յարաբերականութեան սկզբունքի վրայ, որով բացատրւում են երկու երեւոյթներն էլ։ Նա պաշտպանում էր այն միտքը, որ Տիեզերքն անսահմանօրէն տարածւում է, բայց իր ժամանակուայ գիտնականներն այդ միտքը չընդունեցին, մինչեւ 1998 թուականը, երբ նորագոյն բացայայտումներն աւելի պաշտպանեցին նրա տեսակէտները։

Այստեղ անշուշտ հարկ չկայ խորանալ ֆիզիկական օրէնքների այս բարդ ցանցի մէջ, ուր Հայր Գեւորգի գիտական տեսութիւններն այսօր ամենաընդունուածներն են, թէեւ անշուշտ, ինչպէս բոլոր ''գիտական'' տեսութիւնները, ունի նաեւ իր վիճելի մի քանի հարցերը, որոնք սպասում են նորանոր փաստարկների կամ ուղղումների։ Եթէ հարկ զգացուի, մեր կայքի Հանրագիտարան բաժնում կ'աւելացնենք մի յօդուած Հայր Գեւորգի կենսագրութեամբ։

1933 թուականին Հայր Գեւորգն ու Ալբերտ Այընշթայնը միասին ճամփորդեցին Կալիֆոռնիա, ուր Հայր Գեւորգը մի շարք դասախօսութիւններ կարդաց։ Երբ Քրիստոնեայ Քահանան ներկայացրեց «Big Bang»ի իր տեսութիւնը, Այընշթայնը ոտքի ցատկեց եւ բուռն ծափահարելով բացականչեց. «This is the most beautiful and satisfactory explanation of creation to which I have ever listened» («Սա Տիեզերքի ամենագեղեցիկ ու ամենագոհացուցիչ բացատրութիւնն է, որ ես երբեւէ լսել եմ»)։

Ուստի, թող նախեւառաջ պարզ լինի բոլորիս համար, որ «Big Bang»ը անհաւատ ''գիտնական''ները չեն ստեղծել, այլ մի Քրիստոնեայ Քահանայ, Հայր Գեւորգը, որն ամէն օր Սուրբ Պատարագ էր մատուցում, հաւատում էր Քրիստոսի Սիրոյն, Խաչելութեանն ու Յարութեանը, եւ մնացած այն ամէնին՝ ինչ մաս է կազմում Քրիստոնէութեանը, աղօթում էր եւ սպասում էր Աստծոյ Արքայութեանը։ Սա առաջին կէտը։

Անցնենք երկրորդ կէտին, որովհետեւ առաջինում պարզեցինք միայն հեղինակի ո՛վ լինելը, բայց այժմ մի քանի խօսքով տեսնենք տեսութեան իսկ ի՛նչ լինելը։ Սա կարեւոր է, քանի որ իրականում ոմանք տարածել են «Big Bang»ի վերաբերեալ առասպելներ, որոնք ցաւոք տարածել են ժողովրդի ամենալայն խաւերի մօտ։ Այդ առասպելներից առաջինն ու ամենասխալը հէնց այն է, թէ «Big Bang»ի տեսութիւնը բացատրում է Տիեզերքի առաջացումը։ Դա ամենամեծ թիւրըմբռնումն է, քանի որ «Big Bang»ի տեսութիւնը ո՛չ թէ բացատրում է տիեզերքի առաջացումը, այլ՝ առաջացումից յետոյ յեղաշրջումն ու զարգացումը։ Անհաւատ գաղափարախօսները (աթէիստ իդէոլոգները) յօրինեցին այն առասպելը, թէ իբր «Big Bang»ը դա մի հզօր պայթիւն է, որով բացատրւում է նիւթի (մատերիայի) առաջացումը։ Բայց կրկնում եմ, դա այդպէս չէ։ Ահա թէ ինչ է ասում ամերիկացի մեծագոյն աստրո-ֆիզիկոսներից Ֆիլիպ Ջէյմս Էդուին Փիբլէսը 2001 թուականին. «"Big Bang"ի տեսութեան էութիւնը կայանում է նրանում, որ Տիեզերքը ընդարձակւում է եւ կամաց կամաց սառչում։ Դուք կարող էք նկատել, որ ես ոչինչ չասացի ինչ որ ''պայթիւն''ի մասին։ "Big Bang"ի տեսութիւնը նկարագրում է, թէ ինչպէս է մեր Տիեզերքը յեղաշրջւում, բայց ո՛չ թէ՝ ինչպէս է այն սկիզբ առել»։

Գիտութիւնը, որպէս այդպիսին, ուսումնասիրում է միայն ու միայն փորձարկուելի ու քննուելի երեւոյթները (ֆէնոմէնները), մինչդեռ Տիեզերքի սկիզբը, ակնյայտօրէն, անկրկնելի եւ ուղղակիօրէն անքննելի դէպք է։ Իսկ այն ամէնը, որ չի կարող ուղղակիօրէն քննուել, իր սահմանումով իսկ դուրս է մնում գիտութեան սահմաններից։ Գիտնականների կարողութիւնները Տիեզերքի սկզբի վերաբերեալ խիստ սահմանափակ են, կարելի է ասել՝ գրեթէ զրոյական, քանի որ այն՝ ինչ կատարուել է սկզբում, ոչ ոք չի կարող ասել՝ թէ անմիջականօրէն տեսել է, կամ՝ այդ ֆէնոմէնները չի կարող կրկնել լաբորատորիայում։ Հետեւաբար, որեւէ մէկը, որ կեղծ կերպով օգտագործում է գիտութեան անունը, ասելով՝ որ իբր թէ դրանով փաստում է Տիեզերքի ստեղծուած չլինելը, այլ ինչ որ ինքնաբերաբար-առասպելաբար ծագում առած լինելը, իրականում ո՛չ թէ զբաղւում է գիտութեամբ, այլ ստեղծում է մի նոր կրօն, ինչ-ինչ հաւատալիքների վրայ հիմնուած հեթանոսական մի կրօն, որի առասպելները մեծ մասամբ հակասում են իրական գիտութեանը։

Վիկտոր Հիւգոյի խօսքերը միտքս եկան. «Պատահականութիւնը դա մի ապուր է, որ եփել են խորամանկները, բայց որը միայն անմիտներն են ուտում»։

Աթէիստական այդ կրօնի առասպելներին մաս են կազմում այն բոլոր շարժանկարները, որոնցում ''պատմում են'' նախնադարեան մարդու կեանքն ու գոյապահպանական կռիւը թշնամի բնութեան հետ։ Ու այնպիսի ''գիտական վստահութեամբ'' են ներկայացնում այդ տեսարանները, կարծես իրենց անմիջական տատիկների ու պապիկների մասին են պատմում, որոնց իրենք անձամբ տեսել են։ Ու յետոյ համարձակւում են ծիծաղել հին յունական առասպելների վրայ, որոնք թէեւ առասպելներ էին, այո՛, բայց ի տարբերութիւն նորաստեղծ աթէիստական հէքեաթների՝ գոնէ դաստիարակչական մեծ իմաստութիւն էին պարունակում իրենցում, եւ ո՛չ թէ նորերի նման, որոնք մարդուն մղում են անասնական վիճակի։

Միտքս եկաւ ամերիկացի մեծ աստղագէտներից մի ուրիշի՝ Ռոբերտ Ջէսթրոուի խօսքերն իր «God and the Astronomers» («Աստուած եւ Աստղագէտները») գրքում։ Նուրբ հումորով գրում է. «Այս պահին թւում է, որ գիտութիւնն անզօր է փարատելու այն մշուշը, որով ծածկուած է Տիեզերքի սկզբնաւորութեան խորհուրդը։ Գիտնականի համար, որն իր ամբողջ կեանքն ապրել է վստահելով իր մտքի ուժին, պատմութիւնն աւարտւում է որպէս մղձաւանջ։ Նա յաղթահարելով բարձրացել է անգիտութեան ժայռերն ի վեր, հասել է ամենաբարձր գագաթին ոտք դնելու պահին, ուր լուծուելու էին իր բոլոր կասկածները, եւ վերջապէս, երբ հասնում է այդ գագաթին, նրան բարեւում են մի խումբ աստուածաբաններ, որոնք այդ գագաթին նստած էին դարեր ի վեր»։

Վերջացնելու համար, այստեղ ներկայացնում ենք «Big Bang»ի տեսութեան իրական գծագիրը, որ պատրաստուել է ամերիկեան NASA-ի մասնագէտների կողմից։ Ես ինքս, որպէս քրիստոնեայ, շատ մեծ սիրով եմ նայում այս գծագրին։ Ահա այն.

 

 

Ինչպէս տեսնում էք գծագրում, ո՛չ մի պայթիւն գոյութիւն չունի։ Պայթիւնը դա խառնաշփոթ իրականութիւն է, որ ցաքուցրիւ է անում ամէն բան։ Ինչպէս տեսնում էք գծագրում, ամբողջ Տիեզերքն առաջանում է սկզբնական մի կէտից, որը մեր համար Աստծոյ արարչագործ խօսքն է. «Եղիցի՛»։ Ապա, ինչպէս տեսնում էք, ամէն բան զարգանում է համաչափ ու խիստ կանոնաւոր կերպով, յստակ օրէնքների համաձայն, եւ ո՛չ թէ պատահականութեան անիմաստ սկզբունքով։

Թոյլ տուէք մի սոսկ զգայական յաւելում պարզապէս իմ կողմից. ես սիրով դիտում եմ այս գծագրին՝ այն 90 աստիճան շրջելով ժամացոյցին հակառակ ուղղութեամբ։ Նկատեցի՞ք, որ ամբողջ Տիեզերքը, իր միլիարդաւոր աստղերով ու համաստեղութիւններով, կարծես մի բաժակ լինի՝ Աստծոյ ձեռքին. Աստուած, որ Հայր է եւ այդ բանական բաժակի մէջ առատօրէն հեղում է Իր Սէրը։

Մեծն քրիստոնեայ Պասկալը ասում էր. «Բաւականաչափ լոյս կայ նրանց համար, ովքեր կամենում են տեսնել. եւ բաւականաչափ խաւար կայ նրանց համար, ովքեր կամենում են հակառակ ուղղութեամբ քայլել»։ Մեզ բոլորիս մաղթենք՝ ամբողջ սրտով սիրել Լոյսը։

  

ՕԳՆԻ՛Ր  ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

  
  
  

  

Body right corner
   Գրադարան  Հանրագիտարան  Հրատարակչութիւն  Համացանց  Կայքի հաշուեկշիռը  Կապ մեզ հետ