|
1)
Ընկերուհիներիցս մէկն ինձ
պատմեց մի հայ կնոջ մասին, որն ամուսնացել է ինչ որ մի բուդդիստ տղամարդու
հետ, որը հոգեւոր կեանքում «զարգացած», «լուսաւորուած» լինելու համբաւ
ունի։ Այդ մարդը միայն մի անգամ է եկել Հայաստան եւ այլեւս չի կամենում
գալ, որովհետեւ ասում է՝ թէ Հայաստանում շատ ուժեղ բացասական դաշտ կայ։
Ի՞նչ կ'ասէք սրա մասին։
Նախեւառաջ կ'ասեմ, որ լաւ էլ անում է, որ չի գալիս Հայաստան։ Մենք
իրեն այստեղ չենք էլ կարօտում։
Սա անշուշտ
կատակի մասն էր։ Անցնեմ բուն պատասխանին։ Պատասխանը պէտք է երկու մասի
բաժանեմ, որովհետեւ հարցի մէջ երկու աշխարհներ կան խառնուած, թէեւ առաջին
հայեացքից թերեւս այդպէս չի երեւում։ Առաջին մասը վերաբերւում է Հայաստանին
որպէս ազգային, պետական, աշխարհագրական հասկացողութիւն եւ որպէս մարդկանց
հասարակութիւն։ Իսկ երկրորդ մասը վերաբերւում է Քրիստոնէութեանն ու
Բուդդիզմին։ Մանրամասնեմ միտքս։
Այդ խօսքի մէջ
ես նախեւառաջ բացասական որակաւորում եմ տեսնում Հայաստանի դէմ որպէս երկիր
եւ հասարակութիւն։ Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանը
բարոյական գետնի վրայ շատ աւելի վատն է, քան ուրիշ երկրներ, այս դէպքում
համեմատութիւնը դրուած է Հայաստանի եւ Հեռաւոր Արեւելքի երկրների միջեւ,
որտեղից է խնդրոյ առարկայ «փեսան»։ Բայց բաւական է առարկայական (օբյէկտիւ)
հայեացք նետել իրականութեանը - առանց հարցին խառնելու փաստը, որ մենք
ինքներս հայ ենք եւ այս պահին խօսում ենք մեր իսկ երկրի ու հասարակութեան
մասին - եւ կը տեսնենք առանց մեծ դժուարութիւնների, որ Հայաստանը իր
հասարակական կառոյցներով ու բարոյական մակարդակով շա՜տ աւելի դրական
վիճակում է գտնւում, քան Հեռաւոր Արեւելքի երկրները, այդ թւում այն
երկրներն ու տարածաշրջանները, ուր իշխում է Բուդդիզմը որպէս
կենցաղավարութեան փիլիսոփայութիւն։ Հարցը անշուշտ բաւականին ծաւալուն է եւ
անհնարին է մի քանի տողով ամէն բան պարզել, բայց աշխատենք մի քանի խօսք
ասել այդ հարցերի մասին։
Հայաստանը եւ
մենք՝ հայերս ոչ մի երկրից ու ժողովրդից աւելի լաւը չենք ու «մեզ ոչ ոքից
չենք գերադասում», կ'ասէր մեծն բանաստեղծը։ Բայց սա ասելիս հարկաւոր է
անմիջապէս աւելացնել, որ Հայաստանը եւ մենք՝ հայերս ոչ մի երկրից ու
ժողովրդից վատն էլ չենք ու, հակառակ ուղղութիւն տալով բանաստեղծի խօսքին,
«չպէտք է մեզ ոչ ոքից ստորադասենք»։ Մենք, որպէս մարդ արարած, պատկանում
ենք մարդկային մէկ եւ միակ ընտանիքին, ունենք Մարդ բանական կենդանի գոյակի
բոլոր դրական ու բացասական յատկութիւնները։ Եւրոպացիները մեզնից ո՛չ աւելի
լաւն են, ո՛չ էլ՝ աւելի վատը. նոյնը նաեւ ամերիկացիները, աֆրիկացիները,
ասիացիները, աւստրալիացիները, եւ այլն. ո՛չ մէկը մեզնից ո՛չ աւելի լաւն է,
ո՛չ էլ՝ աւելի վատը։ Եւ երանի՜ թէ մեր ժողովրդի զաւակների սրտից ու մտքից
մէկընդմիշտ դուրս գային այն «հիւանդագին սիրահարուածութիւնները» այս կամ
այն ցամաքամասին, եւ այնպիսի կարգախօսները, ինչպիսիք են «Երանի՜ ռուսների
նման լինէինք», «Երանի՜ եւրոպացիների նման լինէինք», «Երանի՜ ամերիկացիների
նման լինէինք», «Երանի՜ չինացիների, կամ հնդիկների, կամ պարսիկների նման
լինէինք», եւ այսպէս շարունակ։ Բայց օտարի հանդէպ «հիւանդագին
սիրահարուածութիւնից» ազատուելու ճիշտ ձեւը անշուշտ այն չէ, որ «հիւանդագին
սիրահարուենք» ինքներս մեզ։ Ո՛չ։ Միակ ճիշտ եւ հասուն մարդուն վայել ձեւը
դա գիտակցելն է առարկայական ճշմարտութիւնը. այն է, որ ոչ ոք մեզնից ո՛չ
աւելի լաւն է, ո՛չ աւելի վատը։ Մենք էլ, անտարակոյս, սովորելիք բաներ
ունենք «աւելի լաւ կազմակերպուած հասարակական ձեւերից» - ուշադրութի՛ւն.
չեմ ասում ժողովուրդներից, այլ պարզապէս՝ հասարակական ձեւերից - բայց շա՜տ
բաներ ունենք նաեւ սովորեցնելիք, ինչպէս դա արել ենք դարեր շարունակ։
Հայաստանում
կան գողեր, կարող է ասել մէկը։ Այո՛, կան։ Բայց եթէ Հայաստանում կան երեք
ու կէս միլիոն պոտենցիալ եւ գործող գողեր, Հնդկաստանում այդ պոտենցիալ եւ
գործող գողերի թիւը անցնում է մէկ միլիարդ հարիւր տասնհինգ միլիոնը, իսկ
Չինաստանում դրանց թիւը հասնում է մէկ միլիարդ երեք հարիւր հինգ միլիոնի։
Նոյն համեմատութիւնը կատարէք նաեւ մարդասպանների, պոռնիկների,
կաշառակերների եւ բարոյական ոլորտի բոլոր խաւերի համար, մանաւանդ
կեղծաւորների ու խարդախ խաբեբաների։ Այդ երկու երկրների բնակչութիւնը որպէս
օրինակ բերեցի, որովհետեւ այդ երկրներում է կենտրոնացած Հինդուիստական
կրօնի եւ Բուդդիստական փիլիսոփայութեան հետեւորդների մեծամասնութիւնը,
որտեղից է մեր խնդրոյ առարկայ «փեսան»։ Դէ հիմա ասէք ինձ, խնդրեմ, թէ ո՞ւր
աւելի բացասական դաշտ կայ. Հայաստանո՞ւմ, թէ՞ Հեռաւոր Արեւելքում։ Իսկ ես
այն միամիտներից չեմ, որ Բուդդիստ վանականների նարնջագոյն զգեստներից ու
ածիլուած գլուխներից խաբուեմ. շա՜տ լաւ գիտեմ, թէ այդ արտաքին տեսքի տակ
բաբախող մարդկային սրտով ինչպիսի՜ ախորժակներ են անցնում ամէն վայրկեան։ Այդ
նարնջագոյններն ու ածիլուածները աւելի լաւը չեն՝ քան թէ իմ սեւազգեստներն
ու մօրուքաւորները։ Երկուսն էլ միեւնոյն Մարդ արարածն են, որ տառապանքի այս
հովտից փնտրում են փրկութիւն։ Կարեւոր հարցը այն է, թէ որտե՞ղ են փնտրում
այդ փրկութիւնը եւ թէ ի՞նչ ճանապարհի են հետեւում. նարնջագոյնները դա
փնտրում են ջունգլիների ծառերից մէկի տակ միայնանալով ու մամռակալելով
(դրսից եւ, ցաւոք, ներսից), մինչ սեւազգեստները - քանի որ գիտեն, որ այդ
փրկութիւնը չեն կարող գտնել իրենք իրենց մէջ եւ չեն էլ սիրում միայնութիւնը
- նետւում են Հօր գիրկը եւ Նրա Սիրոյ ջերմութեան մէջ են գտնում իրենց
հանգիստը (Ուզում եմ ասել. Այդպէս պէտք է անէին՝ իրօք քրիստոնեայ
լինելու համար։ Թէ ձեր ճանաչած մի կոնկրետ սեւազգեստ գործնական գետնի վրայ
այդպէս վարւում է կամ ո՛չ, դա արդէն ուրիշ հարց է)։ Մի քանի օր առաջ մի
հեղինակի խօսքերն էի կարդում, որոնք ինձ շա՜տ դուր եկան։ Ասում է. «Այս
քրիստոնեաներն իրօք նման են իրենց Հօր կողմից երես տուած մանուկների»։
Հաւատացէք, սրանից աւելի գեղեցիկ խօսք դեռ չեմ կարդացել։ Իմ փրկութիւնը իմ
Հօր գրկում է։
Իսկ երբ
սկսում եմ մտածել հարցի երկրորդ մասի շուրջ, այսինքն՝ երբ հարցին նայում եմ
ո՛չ որպէս Հայ, այլ որպէս Քրիստոնեայ, ցաւում եմ, որովհետեւ աչքիս առաջ մի
տեսարան է պատկերւում, որն ասելուց առաջ ուզում եմ յատուկ կերպով շեշտել ու
ընդգծել, որ նպատակ չունեմ ինչ որ վիրաւորական համեմատութիւն անել, այլ
պարզապէս ուզում եմ պատկերաւոր կերպով բացատրել միտքս։ Այդ տեսարանը դուք էլ տեսած կը
լինէք շատ անգամներ. տեսե՞լ էք, թէ ինչպէս է վախեցած շունը պոչը ոտքերի
արանքը կոխում, ականջները վար կախում ու փախչում։ Դրանք յանձնուելու
իր
նշաններն են, ինչպէս որ մարդիկ սպիտակ դրօշակ են բարձրացնում։ Ահա հէնց այդ
տեսարանն է պատկերւում աչքերիս առաջ։ Ուրեմն էլ ինչի՞ են ծառայել
այդ բուդդիստի
բազմամեայ «հոգեւոր» վարժանքները, եթէ մի պարզ բացասական դաշտից անգամ պիտի
փախչի եւ իր մէջ բաւական հոգեւոր ուժ չզգայ այդ բացասական դաշտին
դիմանալու, էլ չեմ ասում՝ այն դրականի վերափոխելու համար. իր
ներկայութեամբ, իր խօսքով, իր աղօթքով, աւելորդ է ասել՝ իր Սիրով։
Որովհետեւ Սէր գաղափարը գոյութիւն չունի այդ «լուսաւորուածների» մտքում
(լեզուս չի պտտւում ասեմ սրտում)։ Դէ անշուշտ, եթէ իր «լուսաւորուած»
Բուդդայից սովորում է, որ կեանքի գերագոյն իմաստն ու արժէքը կայանում է
սեփական նստատեղը ջունգլիների ծառերից մէկի տակ հողին ամուր կպցնելու եւ
մարդկանցից ու սեփական անձից լիակատար օտարանալու մէջ. եթէ իր «հոգեւոր
ուսուցիչներից» սովորում է, որ գոյութիւն ունեցող ամէն բան չարիք է ու
տառապանք. էլ որտեղի՞ց կարող է այդ խեղճ մարդու հոգում ծնուել ու համալրուել
այն դրական դաշտը, որով նա ընդունակ եւ ի զօրու կը լինի դիմակայելու
առարկայական կամ ենթադրեալ բացասականին։ Ես Բուդդայի աշակերտը չեմ, - փա՜ռք
Աստծոյ - , ես Քրիստոսի հետեւորդն եմ ու եղբայրը, անարժան լինելով հանդերձ,
Իր շնորհով, որն իմ ազատ կամքով ընդունել եմ եւ ամէն վայրկեան ընդունում եմ
եւ առանց որի ոչինչ եմ. իսկ Քրիստոսն ինձ ուսուցանում է, որ Աստուած ամէն
բան ստեղծել է բարի, մանաւանդ թէ՝ «յոյժ բարի», ինչպէս ասում է
Աստուածաշունչը Ծննդոց գրքի առաջին իսկ գլխում. Քրիստոսն ինձ ուսուցանում
է, որ իմ մարդկային էութիւնս լիովին դրական է, մանաւանդ թէ՝ «Աստծոյ
պատկերն ու նմանութիւնն» եմ ինձնում կրում, ուրեմն ո՛չ թէ պէտք է զրոյականի
վերածեմ էութիւնս, այլ ընդհակառակն՝ լինեմ որքան հնարաւոր է ստեղծագործ,
անշուշտ բարու եւ Սիրոյ ներշնչմամբ, բժշկելով մեղքի տխուր հետեւանքները.
Քրիստոսն ինձ ուսուցանում է, որ մարդիկ իմ եղբայրներն ու քոյրերն են,
ինչքան էլ իրարից ինչ-ինչ պատճառներով խռոված լինենք, եւ ես չպէտք է նրանցից
փախչեմ. եւ Քրիստոսն ինձ ուսուցանում է, - սա՛ է Քրիստոնէութեան Աւետիսը,
Բարի Լուրը - , որ ես որբ չեմ, Աստուած իմ Հայրն է, որ սիրում է ինձ եւ
կանչում է Տուն, ուր պատրաստել է Ընտանեկան մի մեծ Խնջոյք, ու իմ սիրտը
դրանով այնքա՜ն ուրախ է, որ ուզում է հրաւէրը հասցնել իր բոլոր եղբայրներին
ու քոյրերին։ Եթէ մի տեղ եմ գտնւում, ուր
քրիստոնէական գաղափարներից կամ կենցաղից
տարբեր մարդիկ են, դա բացասական դաշտ չէ, դա պարզապէս դաշտ է, ուր հարկաւոր
է սերմանել Սիրոյ խօսքն ու գործը, որպէսզի հարիւրապատիկը պտղաբերի։ Չգիտեմ,
անսպասելիօրէն յիշողութեանս ներկայացան Սրբուհիներ Գայիանէն, Հռիփսիմէն եւ
իրենց ընկերուհիները, որոնք Քրիստոնէութիւնը մինչեւ իրենց հոգու խորքն
ապրող անձինք էին։ Օտար երկրներից եկան Հայաստան եւ Արարատի փեշերին
բացասական դաշտ չզգացին. իսկ իրենց սրտում մի այնքա՜ն մեծ
ու անսպառ Սէր էին կրում,
որը մինչեւ օրս էլ պտղաբերում է։ Չգիտեմ, թէ իր սրտում ի՞նչ է կրում նա, ով
փախչում է։
Համեմատութիւնները խորացնելը եւ եզրակացութիւնների հանգելը թողնում եմ ձեզ։
|