![]() |
|
![]() |
Սկիզբ | |||||
«Ծառայել Քրիստոնեայ Հայաստանին» կայքը եւ «Ընդհանրական» Հրատարակչատունը
հրատարակել են
«ԱՂՕԹՔՆԵՐ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԷԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ»
գրքոյկը
ՆԱԽԱԲԱՆ
Ամենասրբուհի Կոյս Մարիամ Աստուածածնից յետոյ, Սուրբ Միքայէլ Հրեշտակապետը ամենափառաւոր ու ամենահզօր արարածն է, որ երբեւէ դուրս է եկել Արարիչ Աստծոյ ձեռքերից։ Ամենասուրբ Երրորդութեան կողմից նա ընտրուել է որպէս Երկնային Արքայութեան Առաջին Նախարար, Երկնային Զօրքերի Գերագոյն Հրամանատար, Մարդկութեան եւ յատկապէս Եկեղեցու Երկնային Պաշտպան։ Նրա հանդէպ բարեպաշտութիւնը, որի արմատները հասնում են մարդկութեան ամենավաղ ժամանակներին, ամրապինդ մնացել ու տեւել է Քրիստոնէութեան բոլոր դարերում, առաջին ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Ամբողջ Աստուածաշունչը - ե՛ւ Հին, ե՛ւ Նոր Կտակարանները - խօսում է նրա մասին, պատմում է նրա հզօր ուժի, նրա երեւումների, նրա բարեխօսութեան մասին, ինչպէս նաեւ նրա պաշտպանութեան մասին, որին բոլոր մարդիկ յանձնուել են Ամենակալ եւ Ամենակարող Արարչի Գերագոյն Բարութեան կողմից։ Եկեղեցին երբեք չի դադարել յորդորել քրիստոնեաներին՝ բարեպաշտ մտերմութիւն ունենալ Միքայէլ Հրեշտակապետի հետ։ Քրիստոնէութեան համատարած աշխարհի Քահանայապետներ, Հայրապետներ, Պատրիարքներ եւ Առաջնորդներ յորդորում են քրիստոնեաներին՝ դիմել Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին ի պաշտպանութիւն Եկեղեցու եւ հոգիների. Երկնային Զօրքերի Հրամանատարի միջամտութեան կարիքն ունենք նաեւ մեր ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մարդկութիւնը, կեղծիքի ու անիրաւութեան վարակից թունաւորուած, չափազանց բռնութիւններից խոցուած, կորցրել են բարոյական առողջութիւնն ու բերկրանքը։ Մեծապէս սփոփիչ եւ մխիթարական է մտածելը, որ մեր բոլոր դժուար իրավիճակների վրայ խնամքով տարածւում են Ազգերի եւ Եկեղեցու պահապանը հանդիսացող Մեծն Հրեշտակապետի լուսեղէն թեւերը, խորհրդանշանները նրա ուժի եւ պաշտպանութեան։ Այս խաւարաշատ ժամանակներում, Միքայէլ Հրեշտակապետի յայտնութիւնների պատմութիւնը մեր համար առիթ թող հանդիսանայ՝ վերագտնելու համար վստահութիւնն ու Հաւատքի կորովը, որովհետեւ նա եղել է եւ միշտ էլ լինելու է հաւատարիմ Պահապանն ու Պաշտպանը բոլոր Ազգերի ու Ժողովուրդների, որոնք դիմում են իրեն եւ իրեն են յանձնւում իրենց կրած նեղութիւնների ու հալածանքների մէջ։ Սուրբ Միքայէլ Հրեշտակապետի երկնային պաշտպանութեանը վստահենք մեր Հայ Ազգը եւ մեր սիրելի Մայրը՝ Հայ Եկեղեցին, որպէսզի ուսուցանի մեզ եւ մեր սրտերում դրոշմի Ամենասուրբ Երրորդութեան փառքը, բոցավառի մեզնում ճշմարտութեան սէրը եւ աւետարանական աստուածասիրութեան ու մարդասիրութեան գործադրումը։ Ամենայատուկ կերպով Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին յանձնենք ու վստահենք Հայոց Զինուած Ուժերում ծառայող մեր որդիներին, որպէսզի Մեծն Հրեշտակապետից ուսանեն մերժել բռնութիւններն ու դաժանութիւնը, մանաւանդ իրենց եղբայրների հանդէպ, եւ գիտակցեն իրենց վսեմ ծառայութիւնը. լինել պաշտպանները Լոյսի ու Ճշմարտութեան, Բարու եւ Առաքինութեան, Աստծոյ եւ իրենց խնամքին յանձնուած անձանց։ Մեծն Հրեշտակապետը իր զօրեղ Հրեշտակների հետ հսկում է մարդկութեան ճակատագրի վրայ, անմնացորդ կերպով իրագործելու համար Աստծոյ փրկարար ծրագրերը։ Մեր աղօթքն էլ թող միանայ նրանց շուրթերից դէպի Աստծոյ գահը բարձրացող անլռելի փառաբանութիւններին, ամէն բան լինելով ի փառս Մէկ եւ Միակ Աստծոյ՝ Ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու. Ամէն։
ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ
Ա՛ՅԼ ՏՈՒԵԱԼՆԵՐ
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Գրադարան Հանրագիտարան Հրատարակչութիւն Համացանց Կայքի հաշուեկշիռը Կապ մեզ հետ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||