|
Ա
Բ
Գ
Դ
Ե
Զ
Է
Ը
Թ
Ժ
Ի
Լ
Խ
Ծ
Կ
Հ
Ձ
Ղ
Ճ
Մ
Յ
Ն
Շ
Ո
Չ
Պ
Ջ
Ռ
Ս
Վ
Տ
Ց
Փ
Ք
Օ
Ֆ
|
ՍԲ. ԷՄԻԼԻԱՆՈՍ ԹՐԷՎԻԱՑԻ |
|
|
|
 |
|
|
|
Կեանքը
Էմիլիանոսը,
բայց աւելի ճիշտ կը լինէր անուանել նրան Միլիանոս, ինչպէս եւ յիշատակւում է
ամենահին վաւերագրերում եւ ինչպէս մինչեւ օրս անուանւում է Թրէվիում
ժողովրդի կողմից, ըստ տեղական աւանդութեան՝ Իտալիայի Սփոլեթոյ քաղաք է եկել
Հայաստանից, Գ. դարի վերջաւորութեան։
Շատ մանրամասն տուեալներ չունենք նրա
ընտանեկան ծագումի վերաբերեալ. իտալական աւանդութիւնը նշում է, որ
նա ազգութեամբ հայ էր
եւ պատկանում էր Հայաստանի ազնուատոհմ ու հարուստ ընտանիքներից մէկին, որի
անդամներն արդէն իսկ քրիստոնեայ էին։ Էմիլիանոսը ծնողների կողմից յանձնւում
է Սբ. Իլարիանոսի խնամքին, որը վանական քահանայ էր եւ հմուտ մանկավարժ։ Նա
հոգ է տանում Էմիլիանոսի դաստիարակութեանը եւ նրան հմտօրէն կրթում է
Աստուածաշնչի գիտութեան մէջ։ Իտալական միեւնոյն աւանդութեան հաղորդած
տուեալների համաձայն, Էմիլիանոսը Հայաստանից
Իտալիա է ժամանել 296 թուականին։ Վարքագիրներից
ոմանք - օրինակ՝ Սբ. Յերոնիմոսի Յայսմաւուրքը եւ Հռոմէական Յայսմաւուրքի
ամենահին ձեռագրերը - յիշատակում են նաեւ նրա երկու ընկերներին՝
Դիոնիսիոսին եւ Սեբաստիանոսին, որոնք նոյնպէս Էմիլիանոսի հետ միասին Իտալիա
էին եկել Հայաստանից, առաւել ճշգրիտ կերպով՝ Փոքր Հայքից, եւ նրա հետ էլ
մարտիրոսանում են միեւնոյն օրն ու միեւնոյն վայրում։ Մեր կողմից ընդգծենք
միայն, որ Հայաստանից նրանց գաղթելը ժամանակագրական առումով համընկնում է Սբ.
Գրիգոր Լուսաւորչի խորվիրապեան բանտարկութեան
տարիներին։
Սփոլեթոյում
ժողովուրդը բարձր է գնահատում Էմիլիանոսի աստուածաշնչեան գիտելիքներն ու
դրանց համաձայն ապրուած հոգեւոր կեանքը։ Ժողովրդի ընտրութեամբ, Էմիլիանոսը
եպիսկոպոս է
ձեռնադրւում Հռոմի Սրբազան Քահանայապետ Մարկելինոս Պապի ձեռամբ եւ որպէս
առաջնորդ ուղարկւում է
Թրէբիա Մաթուսքա անունը կրող քաղաքը, որն այժմեան Թրէվին
է։ Քրիստոնէութիւնը Թրէվիում մէկ դար առաջ
քարոզել էր մօտակայ Ֆոլինիոյ քաղաքի եպիսկոպոս Ֆելիչանոսը,
բայց ժողովրդի մօտ դեռ արմատացած էին մնում հեթանոսական սովորոյթներն ու
կռապաշտութիւնը։ Էմիլիանոսը աւետարանական քարոզչութեան եռանդուն
գործունէութիւն է ծաւալում եւ փշրել է տալիս հեթանոսական կուռքերը։ Այդ
պատճառով էլ դատաստանի է կանչւում քաղաքի հեթանոս կառավարիչ Մասսիմիանոսի
կողմից, որը նրան առաջարկում է ուրանալ քրիստոնէական հաւատքը եւ ընդունել
հեթանոսական պաշտամունքը։ Էմիլիանոսը պատասխանում է, որ ով զոհ է մատուցում
կուռքերին, ինքն իրեն դատապարտում է յաւիտենական կործանումի։ Ապա ասում է
կառավարչին. «Այստեղ բեր հրապարակում մուրացող անդամալոյծին։ Թող որ քո
քուրմերը աղօթեն եւ թող որ քո աստուածները բժշկեն նրան»։ Քուրմերն աղօթում
են, բայց անդամալոյծը չի բժշկւում։ Այնժամ Էմիլիանոսն իր աղօթքն է
բարձրացնում առ Աստուած, ասելով. «Տէր Աստուած, ունկն դիր իմ աղօթքին եւ
թող որ իմ աղաղակը հասնի քո գահին»։ Ապա բռնում է անդամալոյծի ձեռքը եւ
ասում. «Բժշկուի՛ր յանուն մեր Տէր Յիսուս Քրիստոսի»։ Անդամալոյծը ոտքի է
կանգնում եւ ուրախութիւնից պարելով՝ վազելով իր տունն է գնում։
Էմիլիանոսին
մեղադրում են կախարդութեան մէջ։ Բազմաթիւ չարչարանքների են նրան ենթարկում,
յուսալով թէ կ'ուրանայ քրիստոնէական հաւատքը։ Բայց նա անսասան է մնում։
Ականատես հեթանոսներից շատերն են նրա օրինակին հետեւելով քրիստոնեայ
դառնում։ Մահուան է
դատապարտւում Դիոկղետիանոս կայսեր օրոք, 304 թուականի Յունուարի 28ին, իր
երեք ընկերների հետ միասին (ա՛յլ աղբիւրների համաձայն՝ 302 թուականի
Յունուարի 28ին)։ Սրբին եւ իր ընկերներին գլխատում են Թրէվիից
3
կմ հեռաւորութեան վրայ գտնուող Բովարա կոչուող վայրում, որը սրբավայր
էր հեթանոսների համար։ Գլխատում են կապելով նրանց մի ձիթենու, որն մինչեւ
այսօր կայ, դալար է եւ պտղատու։ Երբ հայազգի Սուրբը մարտիրոսանում է
Հռոմէական Կայսրութեան սիրտը հանդիսացող իտալական թերակղզում, Հայաստանն
արդէն պետականօրէն ընդունել էր Քրիստոնէութիւնը, իսկ Սբ. Գրիգոր
Լուսաւորիչն ու Տրդատ Արքան արդէն ձեռնամուխ էին եղել Սբ. Էջմիածնի Մայր
Տաճարի կառուցմանը։
Նա Պաշտպան
Սուրբն է Թրէվի քաղաքի, որի առաջին եպիսկոպոսն է եղել։ Նրա հանդէպ կրօնական
մեծարանքը տեւում է ահա արդէն 17 դար։
Սրբի
չարչարանքներն ու մահը նկարագրուած են «Վարք Սուրբ
Միլիանոսի» գրութիւնում (լատիներէն՝ Passio Sancti Miliani)։ Այդ գրութեան
ամենահին օրինակներն են երկու ձեռագրեր, որոնցից մէկը Թ. դարի գործ է եւ
պահւում է Մոնթէքասսինոյի բենեդիկտեան մայրավանքում, իսկ երկրորդը ԺԲ. դարի
գործ է եւ պահւում է Սփոլեթոյի Մայր Տաճարի դիւանում։ Ուսումնասիրողների
կարծիքով, սակայն, երկուսն էլ ընդօրինակութիւնն են մի առաւել հին ձեռագրի,
որի հաւանական թուագրումը հասնում է Ե. կամ Զ. դարին։
Սրբի մասունքները, որոնց հետքերը կորել էին եւ վաղուց մատնանշումներ չկային
նրանց գտնուելու վայրի վերաբերեալ, վերագտնուեցին 1660 թուականին,
Սփոլեթոյի Մայր Տաճարում կատարուող վերանորոգչական աշխատանքների ընթացքում։
Դրանք Թրէվիից թերեւս գողացուել էին միջնադարում տեղի ունեցող միջքաղաքային
մրցակցութեան ու պայքարի պատճառով, բայց սա միայն ենթադրութիւն է եւ ստոյգ
տուեալներ չկան։ Այժմ պահպանւում են իր պաշտպանութեան ներքոյ գտնուող
Թրէվիում, քաղաքի ամենաբարձր կէտում կառուցուած եւ մշտապէս իր անունը կրած
եկեղեցում։
|
|
|
|
 |
|
Թրէվի քաղաքը եւ ամենավերեւում Սբ. Էմիլիանոսի եկեղեցին ու զանգակատունը |
|
|
|
Լուսաւորութեան թափօրը
Սրբի
յիշատակման ծիսական տօնը հաստատուել եւ կատարուել է ամենավաղ ժամանակներից
սկսած։ Հնում այն շատ աւելի հանդիսաւոր կերպով էր կատարւում, կրօնական եւ
աշխարհական բնոյթի բազմաթիւ հանդիսութիւնների ուղեկցութեամբ, քանի որ
ընկնում էր Բարեկենդանի սկզբնաւորութեանը (Իտալիայում յայտնի որպէս
Carnevale)։ Ամենանշանակալի արարողութիւնը դա գիշերային արտասովոր
թափօր-ջահերթն է, որն անուանում են «Լուսաւորութեան թափօր» եւ կատարում են
Սրբի ծիսական օրուայ նախատօնակին (Յունուարի 27ին)։ Ուշ միջնադարին կամ
նոյնիսկ վաղ միջնադարին է թուագրւում նրա սկզբնաւորումը։ Թեմական
քահանաներից եւ վանական միաբանութիւնների անդամներից բացի, Լուսաւորութեան
թափօրին մասնակցում էին քաղաքական իշխանութիւնների ներկայացուցիչները եւ
արհեստակցական տարբեր միութիւնները, որոնց ներկայումս փոխարինում են քաղաքի
տարածքում գործող արդիւնաբերական, արհեսատաւորական եւ վաճառականական տարբեր
խմբաւորումների ներկայացուցիչները։ Թափօրի ընթացքում նրանցից իւրաքանչիւրն
իր ձեռքին կրում է այն գործիքները, որոնք ամէն օր գործածում է իր
աշխատանքում, խորհրդանշելով՝ որ ամէնօրեայ աշխատանքն առաջնորդւում եւ
սրբանում է հաւատքով։ Թափօրի երթուղին անփոփոխ է մնացել ահա արդէն եօթը
դար, քանի որ հետեւում է քաղաքի հին պարիսպների շրջագծին, հաշուի չառնելով
1264 թուականին կառուցուած նոր պարիսպները։
Թրէվիից բացի, Սուրբ Էմիլիանոսի նկատմամբ իւրայատուկ մեծարանք են տածում
Փերուջա քաղաքի Ռիփա աւանում, ուր նրա ծիսական տօնը կատարում են Յունուարի
28ին ամենամօտ կիրակի օրը։ Նշենք, որ ամբողջ Իտալիայում նա յայտնի է
«Sant'Emiliano Armeno», այսինքն՝ Սուրբ Էմիլիանոս Հայ անունով։
|
|
 |
Սբ.
Էմիլիանոսի եկեղեցու զանգակատունը
եւ
եկեղեցու արեւելեան ճակատի
հիւսիսային անկիւնը
|
 |
|
|
|
Սուրբ
Էմիլիանոսի եկեղեցին
Թրէվի քաղաքում, «Դէլլա Ռոկքայ» անունը կրող փողոցում է գտնւում ԺԲ. դարում
կառուցուած եւ Սուրբ Էմիլիանոսի անուանը ձօնուած եկեղեցին։ Ռոմանական ոճի
եկեղեցին, որը բազմաթիւ անգամներ վերանորոգուել եւ վերակառուցուել է
ԺԵ.-ԺԸ. եւ ԺԹ. դարերում, մայր մուտքի ճակատային մասում ունի ԺԵ. դարին
պատկանող մի գեղազարդ բարձրաքանդակ, ուր պատկերուած է Սուրբ Էմիլիանոսը
առիւծներով շրջապատուած։ Ճարտարապետական իւրայատուկ արժէք են ներկայացնում
նաեւ երեք խորանները, որոնք մաս են կազմում ԺԲ. դարի առաջնային կառոյցին եւ
բաւականին հետաքրքրական են իրենց արձանային գեղազարդումներով։ Եկեղեցու
ներսում պահւում են արուեստի արժէքաւոր գործեր, որոնց շարքին են պատկանում
Ռոկքոյ Վիչենցացու 1522 թուականի «Սուրբ Խորհուրդի խորանը», ԺԵ. դարի փայտէ
մի խաչելութիւն, ԺԵ. դարի Մկրտութեան Աւազանը, որն այստեղ է տեղափոխուել
1969 թուականին, Սուրբ Էմիլիանոսի աճիւնը, որը Սփոլեթոյից այստեղ է
տեղափոխուել 1935 թուականին, Սրբի ԺԷ. դարի փայտէ մի արձան, մինչ Սրբի
արձաններից մէկ ուրիշը, որը քանդակագործ Փիեթրոյ Էփիֆանիի գործն է 1750
թուականի, ժողովրդի մեծարանքին է ներկայացւում միայն Յունուարի 28ին, Սրբի
ծիսական յիշատակման օրը։
|
|

Սուրբ
Էմիլիանոսի ձիթենին
Սուրբ
Էմիլիանոսի մարտիրոսութիւնը պատմող Թ. դարի ձեռագրում կարդում ենք, որ
«նրան կապեցին մի երիտասարդ ձիթենու» եւ ապա գլխատեցին։ Դա տեղի է ունեցել
304 թուականին։
Ձիթենին, որի
մասին խօսւում է, անյիշելի ժամանակներից սկսած նոյնացուել է այն ձիթենու
հետ, որն մինչեւ օրս կարող ենք տեսնել Բովարայում եւ որը տեղացիների կողմից
միշտ էլ անուանուել է Սուրբ Էմիլիանոսի Ձիթենին։ Այն այնքան հնամենի է ու
տեսքով պատկառելի, որ մասնագէտների կողմից կոչւում է «կոթողային»։
Համարւում է Իտալիայի Ումբրիա նահանգի ամենահին ձիթենին եւ վերջերս
գրանցուել է պետական պաշտպանութեան ներքոյ գտնուող ծառերի ցանկում եւ
համարակալուել է 102 թուի տակ։
Խնդրոյ
առարկայ ձիթենին աճում է հովտի ցածրադիր մասում, ուր շրջակայ ծառերն ու
բուսականութիւնը բազմաթիւ անգամներ ցրտահարուել են, մինչ Սուրբ Էմիլիանոսի
Ձիթենին մնացել է անվնաս։ Տեղաբնակ գիւղացիները պնդում են, որ այդ ձիթենին
արտասովոր յատկութիւններ ունի։
Գտնւում է Բովարայի բենեդիկտեան վանքի ցանկապատից մօտ 200 մետր
հեռաւորութեան վրայ։ 2002 թուականին այն ցանկապատեցին, որպէսզի մարդիկ
կարողանան այցելել վայրը առանց ձիթենուն վնաս հասցնելու։
|
|
|
|
Աղօթք
Յանուն Հօր եւ
Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
Ո՜վ փառահեղ
Սուրբ Էմիլիանոս, որ մի հակիրճ աղօթքով՝ աստուածային միջամտութեամբ
բշժկեցիր անդամալոյծին, մեզ բոլորիս էլ պարգեւիր քո հզօր պաշտպանութեան
փորձառութիւնն ունենալու շնորհը, մեզ՝ որ իսկապէս անդամալոյծ ենք հոգեւոր
կեանքում։
Դու, որ քո
մարտիրոսութեամբ Եկեղեցուն աւանդեցիր հաւատքի մի կատարեալ վկայութիւն,
Ամենասուրբ Երրորդութիւնից մեր համար նոյնպէս հայցիր շնորհը՝ պահպանելու
հաւատքի աստուածային շնորհը, որպէսզի առանց մարդկանցից քաշուելու, խօսքերով
ու գործերով պաշտպանենք հաւատքի ճշմարտութիւնը, որն այնքա՜ն յարձակումների
է ենթարկւում այսօր, նաեւ մեր սիրելի Հայրենիքում։
Սա քեզնից
խնդրում ենք Ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու փառքի եւ
մեր բոլոր եղբայրների ու քոյրերի յաւիտենական բարիքի համար։
Եղիցի՛, ամէն։
|
|
|
|
|
|
|
ՕԳՆԻ՛Ր
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՆ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|